Մարզային հիվանդանոցից «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց էր ուղեգրվել տարեց կին՝ ուղիղ աղիքից արյունահոսության նշաններով։
Մեր հիվանդանոցում կատարված հետազոտություններով՝ կոլոնոսկոպիա (ծառայության ղեկավար՝ Կ. Դ. Մանուկյան), կոնտրաստավորմամբ համակարգչային շերտագրություն (ծառայության ղեկավար՝ Լ. Գ. Դավթյան), ախտահյուսվածաբանական հետազոտություն (ծառայության ղեկավար՝ դոցենտ Փ. Ս. Խաչատրյան), պացիենտի մոտ ախտորոշվեց «ուղիղ աղու ադենոկարցինոմա՝ ներաճով դեպի արգանդ և միզապարկ, քայքայումով և արյունահոսությամբ»։
Ուռուցքաբանական խորհրդի ընթացքում (ուռուցքաբանության ծառայության ղեկավար՝ դոցենտ Լ. Ա. Հարությունյան) քննարկվեց բուժման տակտիկայի հարցը, որոշվեց կատարել կոնքի էկզենտերացիա։
Վիրահատությունն իրականացվել է վիրաբուժական բազմապրոֆիլ թիմի կողմից (ուրոլոգ՝ դոցենտ Վ. Հ. Շահսուվարյան, գինեկոլոգ՝ Ա. Ժ. Ափոյան, վիրաբույժներ՝ պրոֆ. Ս. Ա. Ստեփանյան, Հ. Մ. Մաթևոսյան, Հ. Ս. Մեսրոպյան, անեսթեզիոլոգ՝ Լ. Գ. Թունյան)։ Հետվիրահատական շրջանն անցել է առանց բարդությունների, պացիենտը դուրս է գրվել ուռուցքաբանների հսկողության ներքո։
Ընդհանուր վիրաբուժության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանը նշում է, որ այս դեպքը հետաքրքիր է նրանով, որ պացիենտը վիրահատվել է շտապ ցուցումներով՝ կարճատև նախապատրաստությունից հետո։ Դադարեցվել է արյունահոսությունը, հեռացվել ուռուցքը։
«Կոնքի էկզենտերացիան կոնքի օրգանների հեռացումն է։ Տղամարդկանց մոտ հեռացվում են՝ ուղիղ աղին՝ միափող մշտական կոլոստոմայի ձևավորմամբ, միզապարկը՝ շագանակագեղձի հետ, միզածորանների խուղակների ձևավորմամբ, իսկ կանանց մոտ հեռացվում են նաև կանացի սեռական օրգանները։ Այս վիրահատությունն իրականացվում է կոնքի օրգանների չարորակ ուռուցքների դեպքում։ Համալսարանական հիվանդանոցի տարբեր ծառայությունների մասնագետների համատեղ աշխատանքը թույլ է տվել փրկել պացիենտի կյանքը»,- նշում է Սուրեն Ստեփանյանը։